Սիրիան նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 մլրդ դոլարի ներդրումներ եւ միջազգային օգնություն, վկայում են Էմիրաթների The National պարբերականի հաշվարկները։

Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն է, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների եւ մեկ արեւային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 մլրդ դոլար։ ՄԱԿ զարգացման ծրագիրը մշակել է 1.3 մլրդ դոլարի եռամյա ծրագիր՝ ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալական ապահովության ցանցի ստեղծման եւ թվային սթարտափներին աջակցելու համար: Մարտին Բրյուսելում կայացած համաժողովից հետո եվրոպացի դոնորները խոստացել են 6.5 մլրդ դոլար հատկացնել երկրի վերակառուցման համար:

Ինչպես նշել է պարբերականը, Պարսից ծոցի երկրներն ամենից ակտիվ են ներգրավված սիրիական տնտեսության վերականգնման գործում։ Սաուդյան Արաբիան եւ Կատարը, համատեղ նախաձեռնության շրջանակում, մարել են Սիրիայի պարտքը Համաշխարհային բանկին՝ 15,5 մլն դոլարի չափով։ Մայիսին Էմիրաթների լոգիստիկ օպերատոր DP World-ը եւ Սիրիայի նոր կառավարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր (800 մլն դոլար)՝ Տարտուսի նավահանգստում բազմաֆունկցիոնալ տերմինալ մշակելու, կառավարելու եւ շահագործելու համար։ Դրան հաջորդել է ֆրանսիական CMA CGM նավագնացության ընկերության հետ Լաթաքիայի նավահանգստի շահագործման 30-ամյա (260 մլն դոլար) կոնցեսիոն պայմանագրի կնքումը։

Ինչպես գրել է The National-ը, ներդրումների աճը «հակադրվում է տնտեսական անկման եւ մեկուսացման տարիներին», քանի որ տարածաշրջանային եւ միջազգային ներդրողները ակտիվացրել են Սիրիայի տնտեսությունը վերականգնելու իրենց ջանքերը անցյալ տարվա դեկտեմբերին Ասադի անկումից ի վեր։

Համաշխարհային բանկը Սիրիայի տնտեսական վերականգնման կարիքները գնահատում է 400 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, հանրապետության անցումային կառավարության էկոնոմիկայի նախարար Նիդալ աշ-Շաարը կարծում է, որ վերականգնման համար անհրաժեշտ գումարը կարող է մոտենալ 1 տրլն դոլարին:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սիրիայի համախառն ներքին արդյունքը 2011թ. կազմել է 67.5 մլրդ դոլար (68-րդ տեղ), այն հավասարվում է Պարագվայի եւ Սլովենիայի նման երկրներին։ Սակայն երկարատեւ հակամարտության եւ պատժամիջոցների հետեւանքով Սիրիայի տնտեսությունը մինչեւ 2023թ. կրճատվել է 85 տոկոսով՝ հասնելով ընդամենը 9 մլրդ դոլարի, ինչը երկիրը դնում է գլոբալ վարկանիշի 129-րդ տեղում։