«Տաշիր Պիցցան» մեկնաբանել է իր ռեստորաններից մեկում աղցաններում մանրէների հայտնաբերման հետ կապված իրավիճակը։
Ընկերության պարզաբանման մեջ ասվում է. «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող ռեստորանում ստուգումներն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ տարեկան պլանային համագործակցության շրջանակում։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս գործընթացների թափանցիկությանը և մեր այցելուների առողջության նկատմամբ պատասխանատվությանը, հետևաբար հենց մեր նախաձեռնությամբ է իրականացվել այս ստուգումը՝ արտադրանքի համապատասխանությունը հայտարարված որակի ստանդարտներին երաշխավորելու նպատակով։
Ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո անմիջապես սկսվել է ներքին քննություն, նշված ուտեստները հանվել են շրջանառությունից։ Բաղադրիչների մատակարարները ենթարկվում են հավելյալ ստուգման, իսկ աշխատակիցների համար անցկացվում է հրահանգավորում սանիտարական նորմերի վերաբերյալ»,–ասված է պարզաբանման մեջ։
Ինչպես ավելի վաղ NEWS.am–ին հայտնել էր Սննդի անվտանգության տեսչության մամուլի ծառայությունը, լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Ցեզար» և «մայրաքաղաքային» աղցանների նմուշները չեն համապատասխանել MAFAB-ի (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և BGKP-ի (կոլիֆորմ մանրէներ) համար կարգավորող ակտերով սահմանված պահանջներին։
Նշված աղցաններից մի քանիսի արտադրությունը կասեցվել է։




























