Դանիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է օրինագիծ, որը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս ռազմական բազաներ տեղակայել Դանիայի տարածքում, քայլ, որը ձեռնարկվում է այն նույն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերահսկողություն հաստատել թագավորության կիսաինքնավար Գրենլանդիայի նկատմամբ, գրում է Associated Press գործակալությունը։

Օրենքի ընդունման օգտին քվեարկել է 94 պատգամավոր, դեմ՝ 11-ը։

Օրենքն այժմ կուղարկվի Դանիայի թագավոր Ֆրիդրիխ X-ի ստորագրությանը։

Քննադատները պնդում են, որ նման քվեարկությամբ Դանիան իր ինքնիշխանությունը զիջեց Միացյալ Նահանգներին։ Օրինագիծն ընդլայնում է 2023 թվականին Ջո Բայդենի վարչակազմի հետ ավելի վաղ կնքված ռազմական համաձայնագիրը, ըստ որի ամերիկյան զորքերին լայն հասանելիություն էր տրվել սկանդինավյան երկրում տեղակայված դանիական ավիաբազաներին։

Գրենլանդիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ կղզու վերաբերյալ ԱՄՆ մեկնաբանություններն անհարգալից են, և որ այն երբեք, երբեք չի լինի այնպիսի սեփականություն, որը «տեղից վեր կացողը» կարող է գնել։