Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Մեծ Բրիտանիայի դեսպանին մեղադրել է երկրի ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, հաղորդում է NewsGeorgia-ն։
Պապուաշվիլին ասել է, որ բրիտանացի դիվանագետը «փորձել է ազդել» 2024 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գործելով ընդդիմության շահերից ելնելով։
«Փաստն այն է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը միջամտել է ընտրություններին։ Նա փորձել է հասարակական կարծիք ձևավորել «Վրացական երազանքի» դեմ և իշխանության բերել մեկ այլ ուժ՝ այն ուժին, որը երկրում ահաբեկչություն էր սանձազերծել», - ասել է նա։
Պապուաշվիլին պահանջում է, որ դեսպանը «բացահայտ և ուղղակիորեն» բացատրի իր դիրքորոշումը։
«Նրանք մտել են ընտրարշավի մեջ և մասնակցել են դրան, ուստի բարի եղեք վարվել քաղաքականությանը մասնակցող սուբյեկտների պես և պատասխանել. ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի դեսպանը միջամտեց ընտրություններին։ Սա է այն մեղադրանքը, որը ես ներկայացնում եմ նրա դեմ», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Հրապարակման համաձայն, այս հայտարարությունն արվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից այս աշնանը Վրաստանում մունիցիպալ ընտրությունների համար նախատեսված դրամաշնորհային առաջարկները հետ վերցնելու որոշման ֆոնին։
Դիվանագիտական առաքելությունը բացատրել է, որ Վրաստանում գործող միջազգային դրամաշնորհների տրամադրման նոր ընթացակարգի պատճառով անհնար է համապատասխան թույլտվություն ստանալ իշխանություններից: Դեսպանությունը կարծում է, որ դրամաշնորհային նախագծերի իրականացման անհնարինությունը սպառնում է ընտրությունների թափանցիկությանը և մրցունակությանը:



























