Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը արձագանքել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի՝ հինգշաբթի ընդունած հակաիրանական բանաձևին, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Կառավարիչների խորհրդի բանաձևը վնասակար էր»,-ասել է նախագահ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը։

Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի վճռականությունը շարունակել իր միջուկային գործունեությունը, հայտարարելով, որ ի հեճուկս աճող ճնշմանը, երկիրը չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր իրավունքից։

«Մենք կշարունակենք մեր ճանապարհը։ Ուրանի հարստացումը կշարունակվի, և մենք չենք շեղվի ներկայիս միտումից», -շեշտել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային գիտելիքները խոր արմատներ ունեն և չեն կարող ոչնչացվել ռազմական գործողություններով։

«Նույնիսկ եթե նրանք ռմբակոծեն մեր օբյեկտները, մեր կարողությունները մեր ձեռքում կլինեն։ Ինչ էլ որ նրանք ոչնչացնելու լինեն, մենք կվերականգնենք», -հավելել է նա։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության 35 երկրներից բաղկացած խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանին մեղադրում է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները խախտելու մեջ, հայտնել են դիվանագետները փակ դռների հետևում անցկացված հանդիպման ժամանակ։ Քաղաքական լուծումն առաջարկել են Միացյալ Նահանգները և եվրաեռյակը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) խոսնակ Բեհրուզ Քամալվանդին խիստ քննադատել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևը՝ այն «Արևմուտքի ռազմավարական սխալ հաշվարկ» որակելով։