Եվրոպական խոշոր երկրների արտգործնախարարները հինգշաբթի հայտարարել են, որ պատրաստ են ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը, «ներառյալ էներգետիկ և բանկային ոլորտներին ուղղված հետագա պատժամիջոցների միջոցով», որպեսզի թուլացնեն Մոսկվան Ուկրաինայում պատերազմի ֆոնին, գրում է Reuters գործակալությունը։
Հռոմում անցկացված հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության և Եվրամիության պաշտոնյաներ։ Բանակցություններին միացել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Ուկրաինայի ներկայացուցիչը։
«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ մեծացնելու Ռուսաստանի վրա ճնշումը, քանի որ Մոսկվան շարունակում է հրաժարվել լուրջ և վստահության արժանի պարտավորություններից, դրանց թվում՝ հետագա պատժամիջոցների և դրանց շրջանցմանը հակազդելու միջոցով», -ասված է արտգործնախարարների հայտարարության մեջ։
Երկու կողմերի ներկայացուցիչներն այս ամսվա սկզբին հանդիպեցին Ստամբուլում՝ խաղաղության բանակցությունների համար և չկարողացան հասնել հրադադարի, որին Ուկրաինան, նրա եվրոպացի դաշնակիցները և Վաշինգտոնը կոչ էին արել Ռուսաստանին համաձայնել։
Եվրոպան հինգշաբթի հայտարարել է, որ «պատրաստ է անհապաղ նոր միջոցներ ձեռնարկել, մասնավորապես էներգետիկայի և բանկային ոլորտներում, որոնք ուղղված են» Ռուսաստանի պատերազմական ջանքերը խաթարելուն։
Նրանք ընդգծել են, որ իրենց իրավասության տակ կպահեն սառեցված ռուսական ինքնիշխան ակտիվները, «մինչև Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան և չվճարի պատճառված վնասի համար»։
2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, Ռուսաստանի պետական ակտիվների մոտ 300 միլիարդ ԱՄՆ դոլարը սառեցրել են «Մեծ Յոթնյակի» (G7) հարուստ ժողովրդավար երկրները։



























