Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում առնվազն չորս մարդ է զոհվել, երբ ուժեղ անձրևները հեղեղել են մայրուղիները, և վարորդները հայտնվել են անելանելի վիճակում. քաղաքում տասնյակ փրկարարական աշխատանքներ են իրականացվում, հինգշաբթի հայտնել են պաշտոնյաները, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հրշեջները հայտնել են, որ շարունակում են երկու անհետ կորածի որոնումները։ Սան Անտոնիոյի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ ջրային փրկարարական աշխատանքների կանչերը սկսել են ստացվել արևածագից անմիջապես առաջ։ Մահվան դեպքերը տեղի են ունեցել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում։

«Այս պահին դժվար է ճշգրիտ որոշել, թե ինչպես են դրանք տարվել,- ասել է Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վուդի Վուդվորդը,- բայց այս տարածքում ջրի մակարդակը բարձր էր և ջուրը շատ արագ էր շարժվում, և այդ ջրրում հայտնվել էին մի շարք մարդիկ, որոնք մագլցել էին ծառերին, և մենք մի շարք փրկարարական աշխատանքներ ենք իրականացրել»։

Վուդվորդը շեշտել է, որ կեսգիշերից ի վեր վարչության աշխատակիցները Սան Անտոնիոյի տարածքում իրականացրել են 65 ջրային փրկարարական գործողություն։ Կեսօրին մոտ անձրևը դադարել է, ջրհեղեղը՝ նահանջել։