Հունաստանը և Մեծ Բրիտանիան ուրբաթ Իրանի վրա Իսրայելի իրականացրած խոշոր հարձակումներից հետո իրենց առևտրային նավերին խորհուրդ են տվել խուսափել Ադենի ծոցով նավարկելուց և գրանցել Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավարկությունները, վկայում են Reuters-ի տրամադրած փաստաթղթերը։

Իրանն անցյալում սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ ի պատասխան Արևմուտքի ճնշման։ Վերլուծաբանները նշում են, որ նեղուցի ցանկացած փակում կարող է սահմանափակել առևտուրը և ազդել նավթի համաշխարհային գների վրա։

Հույն նավատերերին կոչ են արել Հորմուզի նեղուցով անցնող իրենց նավերի մասին տեղեկություն ուղարկել Հունաստանի ծովային նախարարություն, ասված է Հունաստանի նավագնացության ասոցիացիայի ուրբաթ օրը ուղարկած փաստաթղթում։

«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանում ռազմական գործողությունների սրման առնչությամբ՝ Հունաստանի նավագնացության նախարարությունը... նավագնացության ընկերություններին կոչ է անում... մանրամասն տեղեկություն ուղարկել Հորմուզի նեղուցի ծովային գոտում գործող հունական սեփականության նավերի վերաբերյալ», -ասվում է փաստաթղթում։

Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող բոլոր նավերին, դրանց թվում՝ Ջիբրալթարի, Բերմուդյան կղզիների և Մեն կղզու «Red Ensign» նավին, խորհուրդ է տրվել խուսափել Կարմիր ծովի հարավային հատվածով և Ադենի ծոցով նավարկելուց, ասված է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության առանձին փաստաթղթում։

Այս տարածքներով տարանցիկ նավերը պետք է պահպանեն անվտանգության միջոցառումների ամենաբարձր մակարդակը և տախտակամածի վրա տարանցման ընթացքում սահմանափակեն անձնակազմի թիվը, նշել են Reuters-ի աղբյուրները։