Եվրամիությունը կերկարաձգի ուկրաինացի փախստականների հատուկ կարգավիճակը մինչև 2027 թվականի մարտը, ըստ ERR-ի՝ հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուները։

«Այսօր մենք երկարաձգում ենք Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանությունը, բայց մենք կքննարկենք նաև առաջ շարժվելու ուղին, ճանապարհային քարտեզը, քանի որ ուկրաինացիները, իհարկե, հուսահատորեն կարիք ունեն մարդկանց վերադարձի՝ երկիրը վերականգնելու համար, և դրանով մենք կզբաղվենք», - հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է Բրուները։

Լյուքսեմբուրգում ՆԳՆ ղեկավարների հանդիպմանը հրավիրված Ուկրաինայի ազգային միասնության նախարար Ալեքսեյ Չեռնիշովը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանն այս որոշման համար և հիշեցրել, որ ուկրաինական տվյալներով՝ ներկայում տարբեր եվրոպական երկրներում ԵՄ-ի «ժամանակավոր պաշտպանության» տակ մոտ հինգ միլիոն ուկրաինացի փախստական կա։