ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի անհանգստացնում Իրանի դեմ Իսրայելի հարվածներից հետո տարածաշրջանային պատերազմի հնարավորությունը։ Այդ մասին նա հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ պլանավորում է հունիսի 15-ին բանակցությունների նոր փուլ անցկացնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն վստահություն չի հայտնել, որ դրանք կկայանան։ Թրամփն ասել է նաև, որ դեռ պարզ չէ՝ արդյոք Իրանն ունի գործող միջուկային ծրագիր Իսրայելի հարվածներից հետո։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Իսրայելի վերջնական նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետելը թույլ չտալն է։
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին հինգշաբթի գիշերը։ Գործողության նպատակը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն էին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ուրանի հարստացման օբյեկտներին Նաթանզում և Ֆորդոյում, հրթիռային բազաներին Կերմանշահում և Խորամաբադում, ինչպես նաև Թեհրանում, Իսպահանում, Թավրիզում և այլ խոշոր իրանական քաղաքներում։
Հարվածների հետեւանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսսեյն Սալամին, գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին եւ այլ բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ։ Հաղորդվել է նաեւ Նաթանզի միջուկային օբյեկտում պայթյունների մասին։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։





























