Հայաստանը կարող է Ֆրանսիային շնորհակալություն հայտնել անգամ խորհրդանշական քայլով, ասենք` ֆրանսիական ապրանքների պետական գնմամբ: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Օրինակ, Երեւանի քաղաքապետարանը կարող է ավտոբուսները գնել ոչ թե ինչ-որ այլ երկրից, այլ հենց Ֆրանսիայից: Բնական է, ֆրանսիական տնտեսության համար դա անգամ կաթիլ էլ չէ օվկիանոսում, թվաբանական առումով այն ուղղակի աննկատելի է:

Բայց բարոյական առումով այն հսկայական նշանակություն ունի, առաջին հերթին` հենց մեզ համար: Հայոց ցեղասպանությունը քրեականացնելով Ֆրանսիան բարդություններ է ունենում Թուրքիայի հետ 13 մլրդ եվրոյի ապրանքաշրջանառության հարցում: Զուտ թվաբանորեն գրեթե հիսուն ավտոբուսները նման գումարին չեն փոխարինում: Սակայն մենք, գոնե այդ կերպով Ֆրանսիային կարող ենք ապացուցել, որ գնահատում ենք իր վերաբերմունքը մեր հանդեպ»,-ասել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ցեղասպանությունների,  այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ի պատասխան սպառնացել է դադարեցնել տնտեսական համագործակցությունը: Ֆրանսիայի Սենատն օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին: