Հյուրանոցային բիզնեսը Սան Դիեգոյի տնտեսության հզոր շարժիչ ուժն է։ Զբոսաշրջության արդյունաբերությունը անցյալ տարի Սան Դիեգոյի տարածաշրջանին բերել է 22 մլրդ դոլար, սակայն որոշ մարդիկ վախենում են, որ բիզնեսը կարող է տուժել ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) կողմից ամբողջ երկրում տեղի ունեցող շուրջկալներից, հաղորդել է NBC 7-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում փոխել է կարծիքը՝ ասելով, որ այլեւս չի ցանկանում, որ ICE գործակալները խուզարկություններ կատարեն գյուղատնտեսական եւ հյուրընկալության բիզնեսներում։

«Մեր ֆերմերները ծանր հարված են ստացել, քանի որ, գիտեք, նրանք շատ լավ աշխատակիցներ ունեն։ Նրանք ինձ համար աշխատել են 20 տարի»,- ասել է Թրամփը։ «Նրանք քաղաքացիներ չեն, բայց նրանք հիանալի մարդիկ են եղել։ Մենք պետք է ինչ-որ բան անենք դրա հետ կապված։ Մենք չենք կարող վերցնել եւ ֆերմերների բոլոր աշխատակիցներին հետ ուղարկել, քանի որ նրանք կարող են չունենալ այն, ինչ պետք է ունենան։ Գուցե եւ ոչ»։

Բրիջիթ Բրաունինգը «Unite Here Local 30»-ի նախագահն է եւ ներկայացնում է հյուրընկալության ոլորտում աշխատող 6 000 անդամների։

Նա հայտնել է, որ ICE-ի կողմից իրականացված խուզարկությունները վախեցրել են նրանցից շատերին աշխատանքի գնալու հարցում։

«Շատ մռայլ ժամանակներ են։ Սարսափելի է մեր մարդկանց համար։ Նույնիսկ փաստաթղթեր ունեցողներն են վախենում, որ եթե գնան դպրոց, եկեղեցի կամ շուկա, որտեղ իրենց երեխաները դպրոց են հաճախում, նրանց կբռնեն, քանի որ նրանք նման են առանց փաստաթղթի աշխատողների»,- ասել է Բրաունինգը։