Այսօր Ճամբարակում հրաժեշտ են տվել ողբերգական պայթյունի հետևանքով զոհված՝ Ճամբարակի «Արևակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական վարպետ, տիկնիկագործ, երգահան, երաժիշտ Արթուր Սարգսյանին։
Արթուր Սարգսյանի սաները, համաքաղաքացիները եկել էին վերջին հրաժեշտը տալու կյանքի 54-րդ տարում կյանքից հեռացած արտիստին։
Նրան հրաժեշտ տվեցին իր հեղինակային երգերի և ծափողջույնների ներքո։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի։





























