Գերմանացի գանձ որոնողը վիկինգների դարաշրջանի գանձ է հայտնաբերել, որը ներառում է Եվրոպայից բերված շուրջ 200 իր, այդ թվում՝ արաբական մետաղադրամներ, ձուլակտորներ և մի կախազարդ, որը կարող է լինել խաչ կամ Թորի անավարտ մուրճ։ «Եթե կախազարդը խաչ է, ապա սա, հնարավոր է, տարածաշրջանում քրիստոնեացման սկսվելու վաղ նշան է»,- Live Science-ին ասել է Շլեզվիգ-Հոլշթայնի պետական հնագիտական վարչության ներկայացուցիչ Բիրտե Անսպախը։

Գանձը հայտնաբերվել է Գերմանիայի հյուսիսում՝ վիկինգների դարաշրջանի (մ.թ. 793-1066 թթ.) կարևոր ծովային առևտրի կենտրոն Հայթաբուի մոտ։ Քրիստոնեությունը Հայթաբուում սկսել է տարածվել, երբ իններորդ դարում այնտեղ է մեկնել սուրբ Անսգարը։

«Սակայն դա այն դեպքը չէր, երբ Անսգարը եկավ, և բոլորը հանկարծ երես թեքեցին հին աստվածներից ու ընդունեցին քրիստոնեական հավատքը,- ասել է Անսպախը։- Քրիստոնեացումը երկար գործընթաց էր, որն ընդգրկել է մի քանի սերունդ»։

Հաջորդ հարյուրամյակի ընթացքում Հայթաբուի բնակիչների մեծ մասը մնում էր հեթանոս։ Սակայն հնագետներն այդ ժամանակաշրջանի հուղարկավորություններում քրիստոնեական խորհրդանիշեր են գտել, այնպես որ այս կախազարդը կարող է լինել այն սակավաթիվներից մեկը, որը պատկանել է վաղ նորադարձներին։

Հնարավոր է նաև, որ կախազարդը Թորի անավարտ մուրճ է։ Նման կախազարդերը խորհրդանշում էին հին սկանդինավյան աստվածներին հավատարմությունը՝ Սկանդինավիայում և Եվրոպայի այլ մասերում քրիստոնեության տարածման շրջանում։

Սկանդինավյան դիցաբանության մեջ աստվածային մուրճը, որը հայտնի է որպես Մյոլնիր, պատրաստվել է թզուկների կողմից Վալհալլայի աստվածների համար, և ավելի ուշ Թորն այն օգտագործել է հսկաների դեմ իր պատերազմում։