Տասնյակ հազարավոր ցուցարարներ, այդ թվում՝ երեխաներով ընտանիքներ, կիրակի օրը հավաքվել են Նիդերլանդներում՝ բողոքելու Գազայի հատվածի իսրայելական շրջափակման և պատերազմի վերաբերյալ Նիդերլանդների կառավարության քաղաքականության դեմ, հաղորդում է Reuters-ը։

Ըստ կազմակերպիչների, մեկ ամսվա ընթացքում երկրորդ խոշոր հանրահավաքը Հաագայում հավաքել է մոտ 150 000 մարդու։

Մասնակիցները կարմիր էին հագել՝ խորհրդանշելու «կարմիր գիծը»՝ կապված շարունակվող իսրայելական հարձակումների և պաղեստինցիների դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ։

Ցուցարարները երգել են, ելույթներ ունեցել և երթով անցել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մոտով, որը քննում է Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող գործը։

Անցյալ տարի դատարանը պարտավորեցրել էր Իսրայելին դադարեցնել ռազմական հարձակումը Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը։