ԱՄՆ իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահամհ), Նյու Յորքում (Նյու Յորքի նահանգ) եւ Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) բնակվող անօրինական ներգաղթյալներին կալանավորելու եւ արտաքսելու համար, կիրակի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես նա գրել է իր Truth Social սոցցանցի էջում, ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) գործակալները պետք է «անեն հնարավոր ամեն ինչ՝ անօրինական ներգաղթյալների պատմության մեջ ամենամեծ արտաքսման ծրագիրն իրականացնելու շատ կարեւոր խնդիրը կատարելու համար»։ «Դրա համար մենք պետք է ավելացնենք անլեգալ միգրանտներին բռնելու եւ արտաքսելու ջանքերը ամերիկյան խոշոր քաղաքներից, ինչպիսին են Լոս Անջելեսը, Չիկագոն եւ Նյու Յորքը, որտեղ ապրում են միլիոնավոր միգրանտներ»,- ավելացրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այս քաղաքները հատկապես կարեւոր են ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության համար, որը, ըստ Թրամփի, անօրինական ներգաղթյալներին ներգրավում է «ընտրակեղծիքների» մեջ եւ ձգտում է նրանց սոցիալական նպաստներ եւ աշխատատեղեր ապահովել՝ ի վնաս ԱՄՆ քաղաքացիների։

Թրամփն ընդգծել է, որ հանձնարարել է համապատասխան գործակալություններին «օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները»՝ կանխելու հանցագործությունները, որոնք, իր խոսքով, կատարում են երկրում անօրինական գտնվող մարդիկ, ինչպես նաեւ արտաքսելու նրանց։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, ԱՄՆ իշխանությունները նույնպես պետք է ամեն ջանք գործադրեն՝ երկիր «խաղաղությունը խանգարողների» մուտքը կանխելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ «իսկական ամերիկացիները» լիովին աջակցում են ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատանքին։