Պակիստանի պաշտպանության նախարար Հոջաա Ասիֆը զգուշացրել է Արեւմուտքի կողմից Իսրայելին աջակցելու «աղետալի հետեւանքների» մասին՝ կոչ անելով մուսուլմանական պետություններին միավորվել «օկուպացիոն ռեժիմի» դեմ, հաղորդել է Press TV-ն։
Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների կողմից Թել Ավիվին համապարփակ աջակցությունը կհանգեցնի տարածաշրջանում հակամարտությունների տարածմանը եւ լի է «աղետալի հետեւանքներով» Արեւմտյան Ասիայից այն կողմ։
«Աշխարհը պետք է զգուշություն եւ մտահոգություն ցուցաբերի Իսրայելի նկատմամբ, որն ունի միջուկային զենք, բայց չի պահպանում որեւէ միջազգային միջուկային կանոնակարգ կամ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր եւ չի ստորագրել որեւէ պարտավորեցնող համաձայնագիր»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
«Արեւմտյան աշխարհը պետք է մտածի Իսրայելի կողմից հրահրված հակամարտությունների մասին: Այս հակամարտությունները կկլանեն ամբողջ տարածաշրջանը եւ դրանից դուրս: Իսրայելի անօրինական ռեժիմին աջակցելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»,- ավելացրել է Ասիֆը:
Պակիստանի խորհրդարանի բաց նիստում նախարարը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված ագրեսիան եւ ասելց, որ Պակիստանը կանգնած է իսլամական հանրապետության կողքին եւ կշարունակի համագործակցել նրա հետ միջազգային հարթակներում: Նա նաեւ հաստատել է իսլամական աշխարհում միասնության անհրաժեշտությունը Իսրայելի դեմ պայքարում եւ ասել, որ Պակիստանը կպաշտպանի Իրանի շահերը:
Պակիստանի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ միաձայն ընդունել են առանձին բանաձեւեր, որոնցով դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատարված հանցագործությունները՝ միաժամանակ համերաշխություն եւ աջակցություն հայտնելով Իրանի կառավարությանը եւ ժողովրդին։
Պակիստանի պաշտպանության նախարարը կոչ է արել բոլոր մուսուլմանական երկրներին խզել դիվանագիտական կապերը Թել Ավիվի ռեժիմի հետ եւ միասնական միջազգային դիրքորոշում ընդունել Իսրայելի դեմ՝ զգուշացնելով, որ համատեղ չգործելու դեպքում միայն կխրախուսվեն Արեւմտյան Ասիայում հետագա հարձակումները։
Ավելի վաղ, Ազգային ժողովում ելույթ ունենալով, Ասիֆն ասել էր, որ Իսրայելը «միայնակ չի գործել» եւ ունի «հետախուզական տվյալներ, պաշտպանություն եւ աջակցություն»։ Նա ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհը մնում է «ռազմական առումով խոցելի» եւ կոչ է արել համատեղ պատասխանի։ «Ինչպես որ Իսրայելն է հիմա հարձակվում Եմենի, Իրանի եւ Պաղեստինի վրա, եթե մուսուլմանական աշխարհը չմիավորվի եւ շարունակի հետապնդել միայն իր շահերն ու օրակարգերը, ապա բոլորի հերթը կգա»,- ասել է նա խորհրդարանականներին։
Ասիֆը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) շտապ հանդիպել եւ մշակել Իսրայելին դիմակայելու ռազմավարություն։ «Որտեղ էլ որ մուսուլմանական երկրները դիվանագիտական հարաբերություններ ունենան Իսրայելի հետ, դրանք պետք է խզվեն»,- ընդգծել է նա։





























