Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը (Վիրջինիայի նահանգից) օրինագիծ է առաջարկել, որը կսահմանափակի առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ պատերազմ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքը։

Քեյնը տարիներ շարունակ ձգտում է վերականգնել Կոնգրեսի պատերազմ հայտարարելու սահմանադրական լիազորությունը, որը, նրա կարծիքով, անցել է Սպիտակ տան ձեռքը, հաղորդել է Reuters-ը։

2020թ.՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, Քեյնն արդեն ներկայացրել էր նմանատիպ բանաձեւ՝ սահմանափակելու նախագահի լիազորությունները՝ Իրանի հետ պատերազմ սկսելու համար։ Այդ ժամանակ փաստաթուղթն ընդունվել էր Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, նույնիսկ մասնակի աջակցություն ստանալով հանրապետականներից։ Սակայն այն չէր կարողացել հաղթահարել Թրամփի նախագահական վետոն։

Ռազմական լիազորությունների մասին նոր բանաձեւում Քեյնը ընդգծել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին տալիս է պատերազմ հայտարարելու բացառիկ լիազորություն, եւ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն պետք է հաստատվի կամ պատերազմի պաշտոնական հայտարարությամբ, կամ ռազմական ուժ կիրառելու հատուկ լիազորությամբ։

«Մեր ազգային շահերից չի բխում, որ Միացյալ Նահանգները ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ մեր երկիրը պաշտպանելու համար։ Ես խորապես մտահոգված եմ, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության վերջին սրացումը կարող է Միացյալ Նահանգներին ներքաշել եւս մեկ անվերջ պատերազմի մեջ»,  նշել է Քեյնը։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ պատերազմական լիազորությունների մասին բանաձեւերն ունեն արտոնյալ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ դրանք պետք է անհապաղ քննարկվեն եւ քվեարկվեն Սենատում։

Դոնալդ Թրամփը աջակցել է Իսրայելի հարձակմանը, մերժել է Իրանի մեղադրանքները հարձակումներին ԱՄՆ-ի ներգրավվածության մասին, սակայն զգուշացրել է Թեհրանին չսաստկացնել պատասխան գործողությունները կամ չհարվածել ամերիկյան թիրախներին։

Կիրակի Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողով մեկնելուց առաջ Թրամփին հարցրել են, թե ինչ է անում հակամարտությունը թուլացնելու համար։ «Հուսով եմ՝ համաձայնություն կլինի։ Կարծում եմ՝ համաձայնության ժամանակն է»,- լրագրողներին ասել է նա։ «Երբեմն նրանք պարզապես պետք է հարաբերություններն ուժով պարզեն»։