Կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել հարավային Եվրոպայի քաղաքների փողոցներ՝ բողոքելու զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքի դեմ: Բարսելոնայում, որը ցույցերի գլխավոր կենտրոնն է, ցուցարարները ջրային ատրճանակներ են կրակել խանութների ցուցափեղկերի վրա և ծխային ռումբեր են պայթեցրել, հաղորդում է Reuters-ը։
«Ձեր արձակուրդն իմ տառապանքն է», - վանկարկել են ցուցարարները՝ բարձր պահելով պաստառներ, որոնց վրա գրված էին «Զանգվածային զբոսաշրջությունը սպանում է քաղաքը» և «Նրանց ագահությունը մեր մահն է»։
SET դաշինքի՝ Sud d'Europa contra la Turistització (Հարավային Եվրոպան ընդդեմ զբոսաշրջության) հովանու ներքո Պորտուգալիայից և Իտալիայից ակտիվիստներ են միացել բողոքի ցույցերին: Նրանք ասել են, որ անվերահսկելի զբոսաշրջությունը բարձրացնում է բնակարանների գները և տեղացիներին ստիպում լքել իրենց թաղամասերը։
1.6 միլիոն բնակչություն ունեցող Բարսելոնան անցյալ տարի ընդունել է 26 միլիոն զբոսաշրջիկի: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի օրվա բողոքի ցույցին մասնակցել է մոտ 600 մարդ: Նրանք խանութների ցուցափեղկերին և հյուրանոցներին կպցրել են «Պաշտպանեք տարածքը: Զբոսաշրջիկներ, գնացեք տուն» գրությամբ պիտակներ, կրակել են ջրային ատրճանակներով և գունավոր ծուխ արձակել։
Նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև Իսպանիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Իբիցայում, Մալագայում, Պալմա դե Մալյորկայում, Սան Սեբաստիանում և Գրանադայում: Իտալիայում բողոքի ցույցերը տարածվել են Ջենովայում, Նեապոլում, Պալերմոյում, Միլանում և Վենետիկում, որտեղ տեղացիները բողոքում են երկու նոր 1500 մահճակալով հյուրանոցների կառուցման դեմ։
Ավելի վաղ, Բարսելոնայի իշխանությունները հայտարարել էին, որ մինչև 2028 թվականը լիովին կարգելեն զբոսաշրջիկներին բնակարաններ վարձակալությամբ տրամադրելը՝ քաղաքն ավելի բնակելի դարձնելու համար։
Կանխատեսվում է, որ Եվրոպայում միջազգային զբոսաշրջիկների ծախսերը 2025 թվականին կաճի 11%-ով՝ հասնելով 838 միլիարդ դոլարի: Իսպանիան և Ֆրանսիան, ինչպես կանխատեսվում է, կընդունեն ռեկորդային թվով ճանապարհորդներ:



























