Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա հարձակումը վերջ կդնի, այլ ոչ թե կսրացնի Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պատերազմը։

«Իրանը «հավերժ պատերազմ» է ցանկանում, և նրանք մեզ դնում են միջուկային պատերազմի եզրին։ Իրականում Իսրայելը կանխում է դա», - հավելել է նա։

Հարցին, թե արդյոք Իսրայելը հարձակում կգործի գերագույն առաջնորդի վրա, Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելն «անում է այն, ինչ պետք է անի»։

«Ես չեմ մանրամասնի, բայց մենք թիրախավորում ենք նրանց առաջատար միջուկային գիտնականներին», - ասել է նա։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողքին լինելը Ամերիկայի շահերից է բխում։ «Ամերիկան ​​աջակցում է, պետք է աջակցի և աջակցում է բարուն։ Ահա թե ինչ է անում նախագահ Թրամփը, և ես խորապես գնահատում եմ նրա աջակցությունը», - ասել է նա։

Ըստ նրա՝ Իրանը հստակորեն հասկացրել է իր գործընկերներին, որ ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները և ցանկանում է շարունակել այս կեղծ բանակցությունները, որոնցում «նրանք ստում են, խաբում և Միացյալ Նահանգներին քթից բռնած տանում են»։ «Նրանք ցանկանում են շարունակել զարգացնել իրենց միջուկային զենքը և զարգացնել իրենց բալիստիկ հրթիռների զինանոցը», - հավելել է Նեթանյահուն։