Ռուսաստանի ռազմական առանցքը Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի նման ավտորիտար պետությունների հետ ներկայում խզված է, նշվել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) համաշխարհային զենքի տարածման վերաբերյալ ուսումնասիրությունում։ Հետազոտողները նկարագրել են վտանգավոր միջուկային սպառազինությունների մրցավազքի վերսկսումը, սակայն չեն հավատում ավտորիտար տերությունների «առանցքի» միջեւ համակարգված ռազմական փոխազդեցություններին։

Եվ թեեւ SIPRI-ի զեկույցում նշվել են Հյուսիսային Կորեայից եւ Իրանից Ռուսաստան զենքի մատակարարումները, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ աշխարհաքաղաքական լարվածությունը, այն ընդգծում է, որ Չինաստան-Ռուսաստան-Հյուսիսային Կորեա-Իրան ռազմական «առանցքի» ստեղծման մասին ենթադրությունները չափազանցված են։ Այնուամենայնիվ, SIPRI-ն նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է այս երկրներին մղել մերձեցման, եւ նրա վարչակազմը բաժանում է «ազդեցության ոլորտները»։ Թրամփը, ենթադրաբար, կարող է համաձայնել Չինաստանի եւ Ռուսաստանի հետ աշխարհի տարածաշրջանները բաժանելու հարցում, բայց կարող է աշխարհը տանել ավելի մեծ գլոբալ անկայունության, նշել են SIPRI-ում։

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասին տիրապետում են բոլոր միջուկային զենքերի մոտ 90 տոկոսին: Նախորդ տարիներին Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ապամոնտաժել են հնացած մարտագլխիկները, ինչը գերազանցել է նորերի տեղակայմանը: Արդյունքում՝ աշխարհի միջուկային զինանոցը կրճատվել է: Սակայն Չինաստանը բացառիկ ցուցանիշ ունի, որը, SIPRI-ի տվյալներով, իր պաշարները մեծացնում է ամենաարագ տեմպերով՝ 600 միջուկային մարտագլխիկով։ Նրա միջուկային զինանոցը 2023-ից ի վեր տարեկան աճում է 100 նոր մարտագլխիկով։ Տասնամյակի վերջին այն ​​կարող է ունենալ նույնքան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որքան Ռուսաստանը կամ ԱՄՆ։ Մինչեւ 2035թ. Չինաստանը կարող է հասնել իր առավելագույն՝ 15 00 մարտագլխիկի, որը կազմում է Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկա պաշարների մոտ մեկ երրորդը։

Զինանոցը լցնելու նման արագությունը կարող է փոխել միջուկային զենքի բաշխման հավասարությունը ՆԱՏՕ երկրների եւ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի հետ ռազմական առանցքի միջեւ։ Ներկայում ՆԱՏՕ երկրներն իրենց դաշնակիցների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Իսրայել) հետ ունեն 5 933 մարտագլխիկ, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ունեն 6 230։

Սպառազինությունների մրցավազքում ներգրավված գրեթե բոլոր ինը միջուկային պետությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը, 2024թ. արագացրել են իրենց միջուկային զենքի արդիականացման ծրագրերը։ 2025թ. հունվարին աշխարհում կար մոտավորապես 12 241 մարտագլխիկ, որոնցից 9 614-ը գտնվում են ռազմական պահեստներում: Այս մարտագլխիկներից մոտ 3 912-ը տեղակայված է հրթիռների եւ ինքնաթիռների վրա: Մոտ 2 100 մարտագլխիկ տեղակայված է բալիստիկ հրթիռների վրա: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Չինաստանը միջուկային մարտագլխիկներով հրթիռները պահում են բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակում:

Եթե ​​պաշարների կրճատման նոր համաձայնագիր չկնքվի, հրթիռների վրա տեղադրված մարտագլխիկների թիվը, հավանաբար, կաճի 2026թ. փետրվարին СНВ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություններ) համաձայնագրի ժամկետի ավարտից հետո։ «Սառը պատերազմի ավարտից ի վեր աշխարհում միջուկային զենքի թվի կրճատման դարաշրջանն ավարտվում է»,- ասել է SIPRI-ի «Զանգվածային ոչնչացման զենքեր» ծրագրի ասոցիացված հետազոտող Հանս Մ. Քրիստենսենը: «Մենք տեսնում ենք միջուկային զինանոցների ավելացման, միջուկային հռետորաբանության սրման եւ զենքի վերահսկման համաձայնագրերից նահանջի հստակ միտում»: