«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

  • հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից.
  • առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իրավական գործընթացների ֆոնին։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։

Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։