Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր): Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ–ից։
«Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:
Այսպես՝
- արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,
- արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,
- բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իրավական գործընթացների ֆոնին։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։
Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։




























