ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ դեռևս վերջնական որոշում չի ընդունել Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։
«Ես պատկերացում ունեմ, թե ինչ անեմ, բայց դեռ վերջնական որոշում չեմ ընդունել. ես սիրում եմ վերջնական որոշում ընդունել տեղի ունենալուց մեկ վայրկյան առաջ, քանի որ ամեն ինչ փոխվում է։ Հատկապես պատերազմի ժամանակ ամեն ինչ փոխվում է», -հայտարարել է նա։
Հարցին, թե ինչ կլինի, եթե Իրանում իշխանությունը փոխվի, Թրամփը պատասխանել է. «Ես ծրագիր ունեմ յուրաքանչյուր հնարավորության համար, բայց կտեսնենք, թե ինչ կլինի։ Դեռ շատ բան կա անելու»: Նա կրկնել է, որ Իրանը «պետք է» հասներ միջուկային համաձայնագրին։
Թրամփը կրկին ենթադրել է, որ Իրանը ցանկանում է հանդիպել և «(ցանկանում է) գալ Սպիտակ տուն», ինչն իրանցի պաշտոնյաները կտրականապես հերքում են։
ԱՄՆ նախագահն ավելի ուշ հավելել է, որ իրանցիների հետ հանդիպման համար ինքը « դուռը չի փակել»։



























