Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանատան կազմակերպմամբ և համակարգմամբ, այժմ ավելի քան 600 չինացի քաղաքացի տեղափոխվել է Իրանից Հայաստան։ Նրանց թվում են չինական ընկերությունների աշխատակիցներ, ուսանողներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ, ցուցահանդեսների մասնակիցներ և ժամանակավոր առևտրային այցով Իրան այցելած անձինք։ Այս մասին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։
Դեսպանատունը շարունակելու է աջակցել Չինաստանի քաղաքացիներին՝ տրամադրելով խորհրդատվություն հյուպատոսական թեժ գծի միջոցով, ինչպես նաև ուղղորդելու է Հայաստանում գործող չինական ձեռնարկություններին և չինական համայնքին՝ ժամանակին օգնություն ցուցաբերելու հայրենակիցներին։
Դեսպանատունը նաև հայտնում է իր երախտագիտությունը հայկական կողմին ցուցաբերած աջակցության և օգնության համար:
Հիշեցնենք, որ Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։





























