Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Ռուսաստանի նախարարների կաբինետի տվյալներով՝ կողմերը քննարկել են նավթի, գազի, ածխի, էլեկտրաէներգիայի և ատոմային արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։ Քննարկումը կենտրոնացած էր գազային հանգույցի ստեղծման, թուրքական շուկա ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման պայմանների և Աքքույուի ատոմակայանի կառուցման հարցերի վրա։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը իսկապես ռազմավարական բնույթի է։ Սա մեծապես պայմանավորված է Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի որդեգրած սկզբունքային ինքնիշխան գծով։ Տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակի ֆոնին էներգետիկ ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է։ Թուրքական տնտեսության շարժիչ ուժը արդյունաբերությունն է, որը չի կարող զարգանալ առանց էներգետիկ ռեսուրսների կայուն մատակարարման և էլեկտրաէներգիայի արտադրության։ Ռուսաստանը եղել և մնում է գազի, նավթի և այլ բնական ռեսուրսների հուսալի մատակարար թուրքական շուկայի համար»,- ասել է Նովակը։





























