Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրաժարվել է միանալ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների պարտավորությանը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նամակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

Մադրիդը 5 տոկոսի շեմը սոցիալական պետության և մեր աշխարհայացքի հետ անհամատեղելի է համարում, հայտարարել է Սանչեսը։ «Հինգ տոկոսի նպատակին հասնելու պարտավորությունը ոչ միայն անտեղի կլինի, այլև հակաարդյունավետ», -ընդգծել է Իսպանիայի վարչապետը, որի կարծիքով՝ նոր պարտավորությունը կխոչընդոտի իր անվտանգության և պաշտպանության համակարգն ամրապնդելու ԵՄ-ի շարունակական ջանքերին

Քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ավելի ճկուն բանաձև» առաջարկել, որը կամ ծախսերի նպատակը կդարձներ ոչ պարտադիր, կամ Իսպանիային կազատեր դրա կիրառումից։ Փոխարենը, Մադրիդը նախատեսում է ՀՆԱ-ի 2,1%-ը ծախսել Իսպանիայի զինված ուժերի կանխատեսվող ներդրումային կարիքները բավարարելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ակտիվորեն ճնշում է գործադրում դաշինքի անդամ պետությունների վրա՝ պաշտպանության ծախսերի իրենց բաժինը մեծացնելու համար։ Նրա առաջարկը նախատեսում է, որ ՆԱՏՕ-ի երկրները մինչև 2032 թվականը պաշտպանության վրա ծախսեն իրենց ՀՆԱ-ի առնվազն 3,5%-ը և պաշտպանական ենթակառուցվածքների վրա առնվազն 1,5%-ը։ Այս գաղափարն արդեն իսկ աջակցել են Միացյալ Նահանգները, Գերմանիան և Նիդեռլանդները։