Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և Իսրայելին կոչ արել Իրանի դեմ պատերազմում զսպվածություն ցուցաբերել, Reuters-ին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում Մերցը հայտնել է Գերմանիայի հիմնարար աջակցությունը Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա Իսրայելի ռազմական հարձակումներին, սակայն ընդգծել է հակամարտության դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը։
Գերմանիան նախատեսում է ուրբաթ Ժնևում իր եվրոպացի գործընկերների և Իրանի արտգործնախարարի հետ միջուկային բանակցություններ անցկացնել։ Բանակցությունների նպատակն է Իրանից երաշխիքներ ստանալ, որ նրա միջուկային ծրագիրն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ մասնակցելու է հանդիպմանը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ։
Կատարի էմիրի հետ զրույցում Մերցը համաձայնել է, որ հակամարտության սրացում չպետք է լինի։





























