Մենք փորձում ենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Այս մասին հունիսի 20-ին՝ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է հաշվի առնեն, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։
«Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, այդ իսկ պատճառով պետք է մեր հարևանների հետ կառուցենք բարիդրացիական հարաբերություններ։ Սա, իր հերթին, կստեղծի մի միջավայր մեր փոփոխվող աշխարհում, որը թույլ կտա տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատել», — ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։





























