Պակիստանի կառավարությունը որոշել է պաշտոնապես առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերջին ճգնաժամի ընթացքում նրա վճռական դիվանագիտական միջամտության։ Այս մասին նշվել է կառավարության հայտարարությունում։
«Տարածաշրջանային անկայունության սրման ժամանակ Թրամփը ցուցադրել է մեծ ռազմավարական հեռատեսություն Իսլամաբադի եւ Նյու Դելիի դիվանագիտական գործակցության հարցում, ինչը հանգեցրել է արագ վատթարացող իրավիճակի լիցքաթափմանը՝ վերջնարդյունքում ապահովելով հրադադար եւ կանխելով միջուկային զենք ունեցող երկու պետությունների միջեւ ավելի լայն հակամարտությունը, որը կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանում եւ դրանից դուրս միլիոնավոր մարդկանց համար։
Այս միջամտությունը վկայում է նրա՝ որպես իսկական խաղաղարարի դերի եւ հակամարտությունները երկխոսության միջոցով լուծելու նվիրվածության մասին։ Պակիստանի կառավարությունը նաեւ ճանաչում եւ հիանում է Թրամփի անկեղծ առաջարկներով՝ օգնելու լուծել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ Ջամուի եւ Քաշմիրի շուրջ երկարատեւ վեճը, հարց, որը տարածաշրջանային անկայունության հիմքում է։ Նախագահ Թրամփի առաջնորդությունը 2025թ. Պակիստան-Հնդկաստան ճգնաժամի ընթացքում հստակ ցույց է տալիս նրա պրագմատիկ դիվանագիտության եւ արդյունավետ խաղաղաշինության ժառանգության շարունակականությունը։ «Պակիստանը նախկինի պես շարունակում է հուսալ, որ նրա անկեղծ ջանքերը կշարունակեն նպաստել տարածաշրջանային եւ համաշխարհային կայունությանը, հատկապես Մերձավոր Արեւելքում շարունակվող ճգնաժամերի համատեքստում, այդ թվում՝ Գազայի հատվածում ծավալվող ողբերգության եւ Իրանի մասնակցությամբ հակամարտության աճող սրման համատեքստում»,- նշվել է հայտարարությունում։





























