ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճիշտ որոշում» է կայացրել՝ հարձակվելով Իրանի վրա, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ աշխարհի ոչ մի երկիր չէր կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց միջուկային օբյեկտների հետ։
«Նախագահ Թրամփը և ես հաճախ ենք ասում. «Խաղաղություն ուժի միջոցով»։ Սկզբում գալիս է ուժը, ապա՝ խաղաղությունը։ Եվ այսօր երեկոյան Թրամփը և Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով», - ասել է Նեթանյահուն։
Հունիսի 22-ի գիշերը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա։ Ամերիկացի առաջնորդը դա անվանել է «պատմական պահ» Միացյալ Նահանգների, Իսրայելի և աշխարհի համար և կոչ է արել Թեհրանին «համաձայնել այս պատերազմը դադարեցնելուն»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները ամրապնդել են Իսրայելի անվտանգությունը։




























