Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։
«Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո կիրակի առավոտյան ԳԴՀ կանցլերի ղեկավարությամբ տեղի է ունեցել անվտանգության հարցերով կառավարության նիստ։ Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ ավիահարվածները շոշափել են Իրանի միջուկային ծրագրի զգալի մասը»,- նշել է Կոռնելիուսը։ Ընդ որում, նա հավելել է, որ վնասի ճշգրիտ վերլուծությունը հնարավոր կլինի ավելի ուշ։
Ըստ կառավարության ներկայացուցչի, ԳԴՀ կանցլերն ու նախարարներն օրվա ընթացքում սերտորեն կհամակարգեն հետագա քայլերը ԵՄ-ում և ԱՄՆ-ում գործընկերների հետ։ «ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկնել է Իրանին ուղղված իր կոչը՝ անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և հասնել հակամարտության դիվանագիտական լուծմանը»,- ամփոփել է Կոռնելիուսը։