Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անհրաժեշտ են համարում հանդիպել և անձամբ բանակցել։ Սակայն նախ պետք է բոլոր հարցերը մշակել փորձագիտական մակարդակով, հայտարարել է ռուսաստանյան առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին, հայտնում է ТАСС-ը։
Այսպես նա պարզաբանել է Պուտինի խոսքերը համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Այս խոսքերը նշանակում են, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը հասկանում են հանդիպման անհրաժեշտությունը։ Եվ, որքանով ես եմ հասկանում, նրանք իսկապես մտադիր են նման հանդիպում անցկացնել։ Բայց և՛ մեկը, և՛ մյուսը հիանալի գիտակցում են, որ հանդիպումը պետք է նախապատրաստվի։ Սկզբում փորձագիտական մակարդակով պետք է կատարել «տնային աշխատանքը»։ Իսկ հետո արդեն կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Լրատվական գործակալությունների հետ հանդիպմանը Պուտինն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ո՛չ ինքը, ո՛չ Թրամփը չեն մեկնել Ստամբուլ, որտեղ ընթանում էին Ուկրաինայի հարցով բանակցությունները։
«Պարոն Թրամփն ասել էր. «Պուտինը չի մեկնում (Ստամբուլ), որովհետև ես չեմ մեկնում»։ Իսկ ի՞նչ պետք է նա այնտեղ աներ, երբ ես այնտեղ չէի։ Եվ նա ճիշտ է։ Այս առումով նա բացարձակապես ճիշտ է», - այն ժամանակ ընդգծել է ՌԴ նախագահը։