Հնդկաստանում գողը թափանցել է հյուրանոց և իր համար ընթրիք պատրաստել։ Այս մասին հաղորդում է Onmanorama-ն։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին Չանդրանագարում։ Առավոտյան աշխատանքի վերադառնալով՝ տեղի հյուրանոցներից մեկի աշխատակիցները 25 հազար ռուփիի և Apple-ի լիցքավորիչի կորուստ են նկատել, և որոշել են ստուգել տեսախցիկները։ Տեսագրության մեջ նրանք տեսել են, որ անհայտ անձը մտել է դռան և երկաթե ձողերի միջև եղած 25 սմ լայնությամբ ճեղքով։ Տղամարդը գտել է սառնարանը, տաքացրել տապակած տավարի մսի մնացորդները, վերցրել մի քիչ պարոտա և հյուրանոցի խոհանոցում իր համար ձվածեղ պատրաստել։ Նա փախել է նույն ճանապարհով՝ պատուհանում լույս տեսնելով և որոշելով, որ ոստիկանությունը եկել է իր հետևից։

Ինչպես ավելի ուշ պարզվել է, նույն գիշերը գողը ներխուժել է մոտակա ավտովերանորոգման արհեստանոց և գողացել 6 հազար ռուփի։ Այս շաբաթ կասկածյալը ձերբակալվել է մեկ այլ գողություն կատարելու փորձի ժամանակ։ Պարզվել է, որ նա 48-ամյա Շիվակումար Անիշն է, որը վաղուց հայտնի է քրեական շրջանակներում։ Երբ նրան ձերբակալել են, նա իրավապահ մարմինների աշխատակիցներից ուտելիք է խնդրել և անմիջապես կերել։