Նոր Զելանդիայի կառավարությունը 9,5 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու եւ այդ երկրի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, հայտնել է երկրի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը։

 «Նոր Զելանդիան միջոցներ կուղարկի երկու բազմազգ հիմնադրամներին, որոնք Կիեւին մահասփյուռ եւ ոչ մահասփյուռ ռազմական օգնություն են տրամադրում՝ Ուկրաինային ՆԱՏՕ անվտանգության աջակցության եւ կադրերի պատրաստման (NSATU) հիմնադրամին եւ Մեծ Բրիտանիայի եւ Լատվիայի գլխավորությամբ Ուկրաինայի կարիքների համար անօդաչու թռչող սարքերի մշակման եւ մատակարարման կոալիցիային»,- նշվել է Լաքսոնի կառավարության հրապարակած հայտարարությունում։

Նշվել է, որ 16 մլն նորզելանդական դոլարի (9.5 մլն դոլար) ընդհանուր օգնության փաթեթից 8 միլիոնը (4.8 մլն դոլար) կուղղվի զենքի եւ անօդաչու թռչող սարքերի գնմանը: Եվս 7 միլիոն նորզելանդական դոլար (4.1 մլն դոլար) կօգտագործվի հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, իսկ 1 միլիոն նորզելանդական դոլար (600 հազար դոլար) կուղղվի իրենց երկրից դուրս բնակվող ուկրաինացի փախստականներին օգնելուն: