ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին գնահատել է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետեւանքները:

Նրա խոսքով՝ մասնավորապես Սպահանի միջուկային օբյեկտում վնասվել են ուրանի կոնվերսիայի գործընթացին առնչվող շենքերը: Բացի այդ, ըստ երեւույթին հարվածներ են հասցվել հարստացված նյութը պահելու համար օգտագործվող թունելների մուտքերին:

Նաթանզի օբյեկտում նույնպես հարված է հասցվել հարստացման գործարանին, եւ ԱՄՆհաստատել է ընդերք թափանցող զինամթերքի օգտագործումը, ավելացրել է Գրոսին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նշել է, որ Ֆորդոյի օբյեկտում տեսանելի են եղել փոսեր, ինչը վկայում է ընդերք թափանցող զինամթերքի օգտագործման մասին:

«Այս պահին ոչ ոք, այդ թվում՝ ԱԷՄԳ-ն, ի վիճակի չէ լիովին գնահատել Ֆորդոյի ստորգետնյա վնասը»,- ասել է Գրոսին։ Նա ավելացրել է, որ «հաշվի առնելով օգտագործված պայթուցիկների հզորությունը եւ ցենտրիֆուգների ծայրահեղ զգայունությունը թրթռումների նկատմամբ, ենթադրվում է, որ վնասը շատ լուրջ է եղել»։