Հունիսի 23-ի գիշերը ուկրաինական զինվորականները անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ռոստովի մարզը: Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է զանգվածային հարձակման մասին: Նրա խոսքով՝ հարված է հասցվել Կամենսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությանը. այնտեղ հրդեհ է բռնկվել, որը մարվել է չորս ժամ անց: Աշխատողները չեն տուժել:

Հակաօդային պաշտպանության ուժերը նաեւ անօդաչու թռչող սարքեր են խոցել Միլլերովսկի, Տարասովսկի, Բոկովսկի եւ Միլյուտինսկի շրջաններում, ավելացրել է Սլյուսարը: Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռոստովի մարզում 14 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:

Անօդաչու թռչող սարքերը գրոհել են  Կամենսկ-Շախտինսկիի մոտակայքում գտնվող «Ռոսռեզերվի» «Ատլաս» կոմբինատը, գրել է «Крымский ветер» թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով NASA FIRMS սերվիսի արբանյակային լուսանկարներին: Տեղեկատվությունը հաստատել է նաեւ ուկրաինական Supernova+ հանրային մոնիթորինգային կենտրոնը: «Ատլաս» կոմբինատը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս է կազմում եւ բանակին մատակարարում է նավթամթերք, այդ թվում՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Դրանից առաջ ձեռնարկությունը հարձակման է ենթարկվել 2024թ. նոյեմբերի 29-ին եւ օգոստոսի 3-ին։ Երկու անգամ էլ այնտեղ հրդեհ է բռնկվել։ Ընդ որում, ամառային հարձակումից հետո հրդեհը հնարավոր է եղել մարել միայն 12 օր անց։