ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, սանձազերծված առևտրային պատերազմի ֆոնին, կարող է Եվրոպային զրկել ինտերնետից, քանի որ ԵՄ-ն գրեթե ամբողջությամբ կախված է ամերիկյան ամպային ծառայություններից: Այս մասին հայտնել է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով փորձագետներին։

«Այն միտքը, որ նա [Թրամփը] կարող է հրամայել անջատել ինտերնետը կամ անել ինչ-որ այլ բան, որը լուրջ վնաս կհասցնի [ԵՄ] տնտեսական շահերին, այլևս այնքան էլ անհավանական չէ, որքան կարող էր վեց ամիս առաջ թվալ», - թերթի համար տված մեկնաբանության մեջ ասել է Եվրոպական կարգավորման կենտրոնի ղեկավար Զաք Մայերսը։

Իր հերթին, ավստրիական Anexia ամպային ծառայություններ մատուցող ընկերության ղեկավար Ալեքսանդր Վինդբիչլերը Politico-ին ասել է, որ ինքը և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ պետք է ավելի վաղ ուշադրություն դարձնեին ամերիկյան ծառայություններից «անառողջ կախվածության» վրա: Նրա խոսքով՝ ԵՄ ամպային արդյունաբերությունը չափազանց երկար ժամանակ խուսափել է իր շահերի համար լոբբինգ անելուց՝ կենտրոնանալով տեխնոլոգիական մրցունակության վրա։

Ավելի վաղ, Politico-ն գրել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է կենտրոնանալ թվային ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցության զարգացման վրա՝ ճանաչելով արտասահմանյան տեխնոլոգիաների գերազանցությունը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ամպային ծառայությունները, արհեստական ​​բանականությունը (AI) և միկրոչիպերը։