Աշխատանքի մեկնարկից յոթ շաբաթ անց Գերմանիայի դաշնային կառավարությունը հաստատել է բյուջետային պլանավորման առաջին փոփոխությունները։ Երեքշաբթի՝ հունիսի 24-ին, կառավարությունը Բեռլինում հաստատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլի առաջարկները 2025թ. բյուջեի, 2026թ. բյուջեի հիմնական ցուցանիշների եւ մինչեւ 2029թ. հետագա ֆինանսական պլանավորման վերաբերյալ, որոնք ներառում են պաշտպանության բյուջեի աննախադեպ ընդլայնում եւ ռեկորդային նոր պարտք, հաղորդել է «Немецкая волна»-ն։
Դրանով իսկ Գերմանիայի կառավարությունը հստակ ցույց էտվել, որ «երկիրը առաջ է շարժվում»,- լրագրողներին ասել է Քլինգբայլը կառավարության նիստից հետո։ Նա ընդգծել է, որ նախորդ կառավարության քաղաքականության պատճառով առաջացած «անորոշության եւ լճացման շրջանն» ավարտվել է, եւ որ նոր կոալիցիան քայլեր է ձեռնարկում Գերմանիան տնտեսապես հզորացնելու համար։
Ընդունված որոշումները ներառում են այս տարի 81.8 միլիարդ եվրոյի չափով նոր պետական պարտքի ընդունում, ինչպես նաեւ 89.3 միլիարդ՝ 2026թ., 87.5 միլիարդ՝ 2027թ., 115.7 միլիարդ՝ 2028թ. եւ 126.1 միլիարդ՝ 2029թ.: Այս միջոցները կօգտագործվեն Բունդեսվերի բյուջեն մեծացնելու եւ բյուջետային ֆինանսավորման դեֆիցիտը վերացնելու համար:
2028-ից սկսած՝ սպասվող նոր պարտքի թվի կտրուկ աճը պայմանավորված է նրանով, որ այդ պահից սկսած պաշտպանական ծախսերը կրկին կֆինանսավորվեն գլխավոր բյուջեից, այլ ոչ թե Բունդեսվերի հատուկ հիմնադրամից, որը ստեղծվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո Գերմանիայի պաշտպանական կարողությունների բարձրացման միջոցառումների շրջանակում։
Ըստ պլանի՝ Գերմանիայի ընդհանուր բյուջետային ծախսերը 2025թ. կավելանան 6.1 տոկոսով՝ հասնելով 503 միլիարդ եվրոյի: 2026թ. դրանք պետք է կազմեն 519.5 միլիարդ եվրո, 2027թ.՝ 512.7 միլիարդ, 2028թ.՝ 550.4 միլիարդ, 2029թ.՝ 573.8 միլիարդ:
Կառավարության ծրագրի համաձայն՝ Գերմանիայի պաշտպանական ծախսերը առաջիկա տարիներին աստիճանաբար կավելանան եւ 2025թ. 62.4 միլիարդ եվրոյից կհասնեն 152.8 միլիարդ եվրոյի՝ 2029թ.։ Այս թվերի ավելացումը հնարավոր է դարձել պարտքի արգելքի վերացումից եւ Գերմանիայի Հիմնական օրենքում համապատասխան փոփոխության կատարումից հետո՝ մարտին, նոր իշխող կոալիցիայի կողմից։





























