Հարավային Կորեայի հատուկ դատախազը երեքշաբթի դատարանին խնդրել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման օրդեր տալ, հայտնել է քննիչը՝ ազդարարելով ռազմական դրություն մտցնելու նրա անհաջող փորձի պատճառով տապալված առաջնորդի նկատմամբ հետաքննության ակտիվացման մասին, հաղորդել է Reuters-ը։
Յունը, որին արդեն իսկ քրեական մեղադրանք է առաջադրվել խռովության մեջ՝ ռազմական դրություն հայտարարելու համար, ձերբակալվել է հունվարին՝ իրեն կալանքի տակ վերցնելու իշխանությունների փորձերին դիմադրելուց հետո, սակայն 52 օր անց ազատ է արձակվել տեխնիկական պատճառներով։
Ռազմական դրություն մտցնելու փորձը ցնցել է երկիրը, որը 1980-ականներին ռազմական բռնապետությունը տապալելուց հետո հպարտանում էր ծաղկող ժողովրդավարությամբ, եւ դաժան քաղաքական պայքարի ֆոնին սադրել էր արտահերթ նախագահական ընտրություններ Յունի իրավահաջորդին ընտրելու համար։
Նոր օրդերը տրվել է քննությանը խոչընդոտելու մեղադրանքով, ասել է հատուկ դատախազի քննիչների խմբի ավագ անդամը։
Յունը հրաժարվել է ներկայանալ հարցաքննություններին, եւ քննիչները «ձեւեր չեն թափի»,- YTN հեռուստաալիքի ճեպազրույցում ասել է հատուկ դատախազի տեղակալ Պակ Չժի Յոնը։
Ոստիկանությունն ու պետական դատախազները Յունին մի շարք մեղադրանքներ են ներկայացրել դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի հետ կապված։
Հունվարին Յունը սկզբում դիմադրել է քննիչների՝ իր ձերբակալման դատական օրդեր ստանալու փորձերին՝ թաքնվելով նախագահական նստավայրում, մինչդեռ նրա անվտանգության աշխատակիցները՝ իրեն հավատարիմ պաշտոնյաների գլխավորությամբ, փակել էին դարպասները։
Հատուկ դատախազը նշանակվել է լիբերալ նախագահ Լի Չժե Մյոնի՝ հունիսի 4-ին պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց, ապրիլին Յունի պաշտոնանկությունից հետո անցկացված արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, նա հավաքել է ավելի քան 200 դատախազներից եւ քննիչներից բաղկացած թիմ՝ Յունի նկատմամբ ընթացիկ հետաքննությունները վարելու համար։
Յունը վիճարկում է իրեն ներկայացված մեղադրանքները, որոնք ներառում են ապստամբություն, որը ենթադրում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն՝ պնդելով, որ նա դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն է հայտարարել՝ տագնապ բարձրացնելու համար այն ժամանակվա ընդդիմադիր Դեմոկրատականկուսակցության կողմից ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին։




























