ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառմանը։
«Չգիտեմ՝ ում ի նկատի ունի, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականների քաղաքական հավկուրությունն ու անհոգ ցինիզմն անբուժելի են:
Ինձ թվում էր, թե Բաբկեն Թունյանը մեջների խելացի ու պարկեշտներից է: Հուսով եմ, որ չեմ սխալվի: Սակայն, այնպես է հեգնում իր ընդդիմադիր «գործընկերներին», կարծես Արցախը հանձնողը, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերողն ու տարածքներ զիջողն իր իշխանությունը չի եղել:
Տարածաշրջանն ու Հայաստանն իրոք, որ ցանկացած պահի կարող էին հայտնվել ռազմական թատերաբեմում: Մեծ բարեբախտություն է, որ այս փուլում հաջողվել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնել (ոչ թե խաղաղության): Հրադադարի պատճառներից մեկն էլ այն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էին հայտնվել, ինչպես Բաբկենն է ասում՝ պատերազմից 5 պակաս վիճակում:
Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը նման բան գրեր՝ կհասկանայի: Չեմ հասկանում Բաբկենի գրառման իմաստն ու ընդգծված ցինիզմը: Լավ է չի ասում Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը»,-գրել է Զաքարյանը:
Նշենք, որ ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել էր. «Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները»։





























