Միացյալ Նահանգները խնդրել է Կատարին կապ հաստատել Իրանի հետ՝ հրադադարի հասնելու համար, եւ մենք հաստատել ենք անհրաժեշտ կապերն այս առումով, հայտնել է Կատարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլ-Ռահման ալ-Թանին, հաղորդել է Mehr-ը։
Լիբանանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի գործողություններն անպատասխանատու են եւ անկայունություն են առաջացնում տարածաշրջանում։
«Միացյալ Նահանգները խնդրել է Կատարին կապ հաստատել Իրանի հետ՝ հրադադարի հասնելու համար, եւ մենք հաստատել ենք անհրաժեշտ կապերն այս առումով: Մենք հույս ունենք, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարը կպահպանվի: Աշխարհը պետք է միավորվի Իսրայելի դեմ եւ դադարեցնի Գազայի դեմ ագրեսիան»,- ասել է Կատարի վարչապետը:
«Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ կասեցրել է Գազայում պատերազմը դադարեցնելու ջանքերը: Մենք հույս ունենք, որ Իսրայելը չի օգտվի այս հրադադարից՝ Գազայի վրա իր հարձակումները սրելու համար»,- ասել է նա:





























