«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ու քաղաքային ակտիվիստը մանկապարտեզում բացահայտում են ակնհայտ կոռուպցիա, ակտիվիստին կանչում, հայհոյում, տփում, ճամփում եք, հիմա էլ մանկապարտեզների հարցով հանձնաժողով եք ստեղծում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Երևանի ավագանու նիստում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ 1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
«Ախր այս մարդիկ 2018 թվին ձեր կուտը կերան, որովհետև մտածում էին՝ դուք էդ տարածքները հետ եք բերելու: Մի հատ էդ սաղ խլված, գողացված, օտարված մանկապարտեզները կալկուլյատորով հաշվեք ընդհանուր ինչքա՞ն գումար է եղել ու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 միլիարդ դրամը ասեք՝ դրանից մե՞ծ է, թե՞ փոքր: Այդ 25 միլիարդը հետ բերեք, քաղաքում ամեն շենքի տակ մանկապարտեզ կկարողանանք բացել»,- ասաց նա:
Սամվել Համոբյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ իշխանությունն իր իսկ գործադիր թևին, ասում է՝ դու ոչ մի բան ես: «Որովհետև եթե պետությունում կա հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, այդ բոլորը չեն կարողացել այս յոթ տարում որևէ բան բացահայտել, Արմեն Գալջյանը հեսա գալիս է հանձնաժողով ու սաղ հետ բերի: Ոնց ԱԺ-ում 44 օրյա պատերազմի հանձնաժողով բացեցիք, Անդրանիկ Քոչարյանը դրեցիք գլխին, դրա համար մինչև այսօր ոչ դավաճան ունենք, ոչ մի բան չունենք, միամիտ պատերազմ ենք պարտվել, միամիտ 5000 հոգի մահացել է»,- հայտարարեց Հակոբյանը:





























