Արևային ոլորտի օրենսդրական փոփոխությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոլորտի զարգացման, երկրի էներգետիկ կայունության և,  առհասարակ, Հայաստանի տնտեսության վրա․ այս մասին այսօր հայտարարեցին արևային ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները։

Ոլորտի խոշորագույն դերակատարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 20 ընկերություն էր մասնակցում, որոնք մտահոգ են սպասվող զարգացումներով և պատրաստ են ներգրավվել մասնագիտական խմբերի աշխատանքներին։

«Այս նախաձեռնությամբ քաղաքականություն ձևավորող կառույցներին առաջակում ենք ներգրավել արևային ոլորտի ընկերություններին արդեն գոյություն ունեցող համակարգային խնդիրներին լուծումներ գտնելու, քանի որ բոլորիս համար գերագույն նպատակը կայուն և անվտանգ էներգետիկ համակարգի ստեղծումն է, իսկ այդ գործում առանց մեկս մյուսի չենք կարող հաջողել» ,- նշեց արևային ընկերության հիմնադիր  Տիգրան Օհանյանը։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում վերջին տարիներին զարգացել է առաջանցիկ տեմպերով՝ պետական աջակցության քաղաքականության, սուբսիդավորման ծրագրի ներդրման և այլ նախաձեռնությունների շնորհիվ։ Արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան այսօր արդեն ավելի քան 13 տոկոս է կազմում։ Իսկ ամառվա ցերեկային ժամերին արևն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսը։  Հատկապես ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ավելցուկը, ենթակառուցվածքների սահմանափակ կարողություններն ու պահանջարկի ոչ արդյունավետ կառավարումը ոլորտը կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առջև։

«Այժմ հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է անվտանգության և կայունության հետ կապված լուրջ խնդիրներ ունենա, որոնք կարող են արտահայտվել գերծանրաբեռնվածության, վթարների, հոսանքի անջատումների և այլ բարդությունների տեսքով։Խնդրի լրջությունը գիտակցելով՝ մենք հրավիրում ենք բոլոր շահառու կառույցների ուշադրությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու քննարկումներին և առաջարկելու խնդիրների լուծման մեր փաթեթը»,-նշեց արևային ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ արևային ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, հետևաբար անթույլատրելի է զարգացումը կասեցնել, հատկապես որ կա միջազգային արդյունավետ փորձ, և մենք կարող ենք այդ փորձը գործի դնելով՝ խնդիրներին լուծում տալ նաև այստեղ՝ Հայաստանում։

Այս պահին ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն է ծավալում մոտ 70 ընկերություն, որոնք 3000-ից ավելի աշխատատեղ են ապահովում։ Միայն  2024թ․ պետբյուջե է վճարվել 4,1 մլրդ դրամ հարկ։ Ոլորտի զարգացումը կասեցնելով՝ բազմաթիվ մարդիկ կզրկվեն իրենց աշխատանքից։ 

Վերջին տարիներին գործում է նաև պետական  սուբսիդավորման հաջողված ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում արևային կայաններ ձեռք բերելու համար․ մարզային բնակավայրերում, օրինակ,  վարկեր են տրամադրվում մինչև 0% տոկոսադրույքով։

Այս հնարավորության շնորհիվ արդեն բազմաթիվ ընկերություններ և տնային տնտեսություններ անցում են կատարել արևային էներգետիկայի։ Ծրագիրը, սակայն, հնարավոր է՝ շուտով ավարտվի։

«Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո արևային ընկերությունների մեծ մասը կհայտնվի փակման վտանգի առջև, մի մասն էլ կմտածի պրոֆիլը փոխելու մասին, մինչդեռ չպետք է թույլ տանք, որ արդեն կայացած ոլորտն անկում ապրի։ Սուբսիդավորման ծրագիրը, օրինակ, կարող է փոխարինվել եկամտահարկի վերադարձի նման մեխանիզմով, որի շրջանակում բնակչությունը հնարավորություն կունենա ձեռք բերել արևային կայան, եկամտահարկն էլ կուղղվի վարկի տոկոսների մարմանը։ Սա կարող է բավականին արդյունավետ լուծում լինել, սակայն դրա իրագործման համար ժամանակ և պատրաստվածություն է անհրաժեշտ»,- ընդգծեց արևային ընկերության հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանը։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը համընթաց ի հայտ եկող խնդիրները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք արդեն իրականացրել են էներգետիկ անցում։

«Հայաստանը կանգնած չէ երկընտրանքի առջև՝ անցում կատարել վերականգնվող էներգետիկայի, թե ոչ, որովհետև մենք արդեն իսկ կատարել ենք այդ անցումը։ Հիմա պետք է որոշենք՝ որքան արագ կարող ենք կառուցել կայուն, անկախ և ապագային միտված տնտեսություն։ ժամանակը մեր օգտին չէ։ Հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Կառավարությունը և բիզնեսի ղեկավարները պետք է վճռական ու համագործակցային լինեն»,- նշեց Հայկ Շեկյանը։

Ոլորտի դերակատարների դիտարկմամբ՝ խնդիրները լուծելու տարբեր ճանապարհներ կան՝ Էներգիայի կուտակիչների լայն կիրառություն (տնային տնտեսություններից մինչև խոշոր արդյունաբերական համակարգեր), սակագնային քաղաքականության վերանայում, ցերեկային ժամերին էլեկտրամոբիլների լիցքավորման խթանում, էլեկտրաէներգիայի մասշտաբային սպառման կենտրոնների ստեղծում (օրինակ՝ տվյալների կամ մայնինգ), արտահանման ուղղությունների զարգացում, ինչպես նաև սուբսիդավորման ծրագրի շարունակություն։

«Ավելի էժան և արդյունավետ է պահպանել արդեն ստեղծածը, քան ստեղծել նորը։ Պետական սուբսիդավորման ծրագիրը պետք է շարունակվի՝ ուղղված էներգախնայող այլ սարքավորումների ներդրմանը, ինչպես նաև արևային կայաններին, որոնք գործում են կուտակային համակարգի համակցմամբ»,-  ասաց Տիգրան Օխանյանը։

Ոլորտի առաջատար ընկերությունները պետությանը հրավիրում են ինտենսիվ երկխոսության՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնակցություն ունենալ ինչպես խնդիրների վերլուծության, այնպես էլ լուծման տարբերակները մշակելու գործում։ Նրանք նախատեսում են ստեղծել համապատասխան ասոցիացիա՝ ընդգծելով, որ ոլորտի զարգացումը կարևոր է թե՛ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու, թե՛ երկրի տնտեսության համաչափ զարգացման, թե՛ աշխատատեղերի և հավելյալ արժեքի ստեղծման, թե՛ SEPA շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները կատարելու տեսանկյունից։

  1. Ոլորտի ընկերությունները առաջարկում են օգտվել իրենց մասնագիտական փորձից` երկրի համար ամենաշահեկան լուծումները գտնելու համար: Սա ոլորտային հանդիպում չէր, այլ ուղղված էր առկա սուր խնդիրներին համատեղ լուծումներ գտնելուն, ավելի ներառական քաղաքականություն մշակելուն, որը կնվազեցնի ներկայումս էներգետիկ համակարգում առկա վտանգավոր ռիսկերը` ներառյալ ռիսկեր, որոնք կապված են երկրում էներգետիկ համակարգի կայունության հետ:
  2. Այս նախաձեռնությունը լիովին ապաքաղաքական է և ընդհանրապես կապ չունի ներկայումս տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ` ներառյալ իրադարձությունների, որոնք առնչվում են Հայաստանի Էլեկտրական Ցանցերին:
  3. Մեզ վերջին տասնամյակի ընթացքում հաջողվել է ստեղծել մի ոլորտ, որը ամբողջովին պատրաստ է արտահանել արդեն պատրաստի ապրանք` էլեկտրաէներգիա, և այն լրիվ համահունչ է արտահանմանը ուղղված պետական քաղաքականությանը: Կասկած չկա, որ եթե պետությունը ցանկանա ստեղծել արտահանումը խթանղ նոր ոլորտ, ապա անգամներ ավել ժամանակ և բյուջե անհրաժեշտ կլինի դրան հասնելու համար. այսօր արդեն այդպիսի մի ոլորտ գոյություն ունի, որին ուղղակի անհրաժեշտ է օգնել արտահանումը խթանել:
  4. Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները` կանխատեսվում է, որ հաջորդող տարիներին անգամներով բազմապատկվելու է էլեկտրաէներգիայի սպառումը, և հատկապես վերականգնվող էներգիայի: Ինչքան խելամիտ է երկրի տեսանկյունից հետ անցում կատարել արդեն միջազգային ստանդարտներով կայացած վերականգնվող էներգետիկ արտադրությունից գազաածխաջրային արտադրության:
  5. Արևային ոլորտին հատկանշական է այն առավելությունը, որ հիմնականում տեղադրումները իրականացվում են ՀՀ մարզերում և հիմնական աշխատատեղերը ստեղծվում են հենց մարզերում: Սա սոցիալական խնդիր է լուծում և օգնում է մարզերի համահունչ զարգացման ծրագրին:
  6. Նաև անհրաժեշտ է հիշել, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտը հնարավորություն է տալիս երկիր ներգրավել կանաչ ֆինանսավորում, որը հիմնականում ավելի մատչելի ռեսուրս է մասնավոր ընկերությունների զարգացումը զարկ տալու համար։
  7. New Picture.jpg (49 KB)
  8. New Picture (4).jpg (50 KB)
  9. New Picture (3).jpg (45 KB)
  10. New Picture (1).jpg (56 KB)