ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակիցներին արգելվել է օգտագործել WhatsApp-ը։ Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Գլխավոր վարչական պաշտոնյայի ծառայողական գրության մեջ խորհուրդ է տրվել հաղորդագրությունների համար օգտվել այլ հավելվածներից։

Ծանուցման մեջ նշվում է, որ «Կիբերանվտանգության վարչությունը WhatsApp-ը համարել է օգտատերերի համար բարձր ռիսկային հավելված՝ օգտատերերի տվյալների պաշտպանության թափանցիկության, պահված տվյալների կոդավորման բացակայության և դրա օգտագործմանն առնչվող հնարավոր անվտանգության ռիսկերի պատճառով»։

Meta ընկերության խոսնակը նշել է, որ Meta-ն «կտրականապես համաձայն չէ» այդ քայլի հետ՝ նշելով, որ հարթակն ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ, քան մյուս հաստատված հավելվածները։