Հայաստանում ավտորիտարիզմը ամեն անգամ նոր հատակներ է նվաճում... Ակնհայտ է, որ իշխանության համար ապօրինի լինելու չափի «թույլատրելիության» սահմանները գնալով ջնջվում են, գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Շուտով ձեզ կարող է մեղադրեն հեղաշրջման փորձի մեջ՝ ցանկացած ոչ իշխանահաճո քայլից հետո։
Իսկ խուզարկությունների, հետագայում, վստահ եմ՝ նաև կալանքների թույլտվություններ տվող դատավորներին ես առանձին ասելիք չունեմ, բացի նրանից, որ ձեր անունը գրվելու է մեր իրավական համակարգի պատմության ամոթի և անբարոյականության մատյանում։ Քննիչներն ու դատախազները նույնիսկ դրա հույսը թող չունենան»,-գրել է Հակոբյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:





























