Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» ավիաբազային հունիսի 23-ին Իրանի հասցրած հրթիռային հարվածը ինքնապաշտպանության ակտ էր՝ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, հաղորդել է Tasnim-ը։
Երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին եւ նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումից հետո։
Արաղչին բարձր է գնահատել Չինաստանի պատասխանատու դիրքորոշումը՝ վճռականորեն դատապարտելով Իսրայելի վերջին ագրեսիան եւ ԱՄՆ հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ։
Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի կողմից Իսրայելի ռազմական եւ հետախուզական կենտրոնների դեմ ուղղված թիրախային գործողությունները «Իրանի դեմ ռեժիմի ագրեսիային ի պատասխան՝ ինքնապաշտպանության օրինական գործողություն էին»։
Արաղչին նաեւ հիշատակել է Կատարի «Ալ Ուդեյդ» ամերիկյան ավիաբազայի հրթիռային հարվածների մասին՝ հայտնելով, որ դրանք հասցվել են Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի պաշտպանության նպատակով՝ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համապատասխան, եւ որպես ուղիղ հատուցում Իրանի տարածքային ամբողջականության դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիայի եւ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ վտանգավոր գրոհի։
Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը՝ դատապարտելու համար Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։
Նա Իրանի, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) մասնակից է, խաղաղ միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածը որակել է վտանգավոր գործողություն, որը խախտում է բոլոր միջազգային նորմերն ու դրույթները։
Վան Ին հաստատել է Չինաստանի աջակցությունն Իրանի ինքնապաշտպանության իրավունքին եւ նշել է, որ Պեկինը ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք նիստերում արդեն արտահայտել է իր դիրքորոշումը Իրանի դեմ ագրեսիան դատապարտելու վերաբերյալ։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նաեւ վերանայել են Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը եւ հաստատել երկու երկրների կառավարությունների հանձնառությունը՝ իրականացնելու երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու ծրագրերը, այդ թվում՝ բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակումը։





























