Մեծ Բրիտանիան կգնի ամերիկյան արտադրության 12 հատ F-35 կործանիչներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, եւ կմիանա ՆԱՏՕ համատեղ օդադեսանտային միջուկային առաքելությանը իր միջուկային զսպման միջոցների խոշոր ընդլայնման շրջանակում, չորեքշաբթի հայտնել է վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդել է Associated Press-ը։
Կառավարությունը սա անվանել է «Մեծ Բրիտանիայի միջուկային հզորության ամենամեծ խթանը վերջին սերնդի ընթացքում»։
Սթարմերն այս մասին հայտնել է Նիդեռլանդներում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն ողջունել է այս որոշումը՝ այն անվանելով «Մեծ Բրիտանիայի կողմից ՆԱՏՕ-ում կատարվող եւս մեկ մեծ ներդրում»։
Մեծ Բրիտանիան հրաժարվել է օդային բազավորման միջուկային զենքից 1990-ականներին՝ Սառը պատերազմի ավարտից հետո։ Նրա միջուկային զինանոցն այժմ բաղկացած է սուզանավերից արձակվող հրթիռներից։
ՆԱՏՕ միայն երեք անդամներ են միջուկային տերություններ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, մինչդեռ յոթ երկիր նպաստում է դաշինքի միջուկային առաքելությանը՝ տրամադրելով ինքնաթիռներ, որոնք կարող են կրել ինչպես սովորական զենք, այնպես էլ Եվրոպայում պահեստավորված ամերիկյան B61 ռումբեր։
Որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանա օգտագործել միջուկային զենք առաքելության շրջանակում, անհրաժեշտ կլինի դաշինքի միջուկային պլանավորման խմբի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի թույլտվությունը։ Սթարմերը նաեւ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 350 հակաօդային պաշտպանության հրթիռ՝ օգտագործելով ռուսական բռնագրավված ակտիվներից ստացված 70 միլիոն ֆունտ ստեռլինգի (95 միլիոն դոլար) տոկոսները։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ մյուս անդամները պարտավորվել էին մինչեւ 2035թ. անվտանգության ծախսերը հասցնել ՀՆԱ 5 տոկոսին։
Ընդհանուր գումարը ներառում է պաշտպանության համար նախատեսված 3.5 տոկոսը եւ եւս 1.5 տոկոս՝ անվտանգության եւ դիմադրողականության ավելի լայն ջանքերի համար։ Մեծ Բրիտանիան ներկայում պաշտպանության վրա ծախսում է ազգային եկամտի 2.3 տոկոսը եւ հայտնել է, որ մինչեւ 2027թ. այդ թիվը կհասցնի 2.6 տոկոսի։





























