Համաշխարհային բանկը չորեքշաբթի հայտնել է, որ հավանություն է տվել 250 միլիոն դոլար արժողությամբ նախագծին՝ Լիբանանի վերակառուցմանն աջակցելու համար, անցյալ տարի Իսրայելի սանձազերծած կործանարար պատերազմից հետո:

Ինչպես տեղեկացրել է AFP-ը, բանկը ավելի վաղ վերակառուցման եւ վերականգնման արժեքը գնահատել էր մոտ 11 միլիարդ դոլար:

«Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Լիբանանին 250 միլիոն դոլարի ֆինանսավորումը՝ վնասված կարեւորագույն հանրային ենթակառուցվածքի եւ ծառայությունների ամենաանհետաձգելի վերանորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ հակամարտությունից տուժած տարածքներում կայուն կառավարման աջակցության համար»,- նշվել է Համաշխարհային բանկի հայտարարությունում։

Համաշխարհային բանկի Մերձավոր Արեւելքի վարչության տնօրեն Ժան-Քրիստոֆ Քարեն ասել է, որ «հաշվի առնելով Լիբանանի վերակառուցման մասշտաբային կարիքները՝ այս (նախագիծը) գնահատվում է 1 միլիարդ դոլար՝ Համաշխարհային բանկի սկզբնական 250 միլիոն դոլարի ներդրմամբ»։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը ողջունել է այս որոշումը՝ նախագիծն անվանելով «վերականգնման կարեւոր քայլ՝ ի պատասխան այն վնասի, որը պատճառվել է կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքին եւ պատերազմից տուժած շրջանների հիմնական ծառայություններին»։ «Այդ աջակցությունն ամրապնդում է վերականգնման ջանքերը պետական ծրագրի շրջանակում եւ  ներգրավում է այնքան անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումը»,- ասել է նա։