Բեեր Շեւայի Բեն-Գուրիոնի համալսարանի վեց հետազոտական ​​լաբորատորիաներ ոչնչացվել են, ինը այլ լաբորատորիաներ վնասվել են իրանական հրթիռի կողմից, որը հունիսի 19-ին հարվածել է նաեւ համալսարանի «Սորոկա» բժշկական կենտրոնի տարածքին, նշվել է համալսարանի՝ պատերազմից հետո հրապարակված զեկույցում։

«Times of Israel»-ը հաղորդել է, որ վեց ավերված լաբորատորիաներին պատճառված վնասը «խափանել է բազմամյա աշխատանքը բժշկության եւ կենսաբանության ոլորտներում տարբեր հետազոտական ​​նախագծերի ուղղությամբ»։

Բժշկական գիտությունների ֆակուլտետի լսարանները, լաբորատորիաները եւ անատոմիայի ամբիոնը նույնպես զգալի վնասներ են կրել, ինչպես նաեւ Marcus Family գլխավոր մասնաշենքի 30 շենքերը: Համալսարանը, որը դեռեւս գնահատում է ծախսերը, կարծում է, որ դրանք կկազմեն տասնյակ, եւ հնարավոր է՝ հարյուր միլիոնավոր շեքել:

Վնասվել են 50 դասախոսների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ 48 ուսանողների տները, ինչի հետեւանքով առաջիններից 25-ը, վերջիններից՝ 41-ը ստիպված են եղել տարհանվել: Քաղաքից չորս ընտանիք, որոնց տները վնասվել են, տեղավորվել են ուսանողական հանրակացարաններում՝ տարհանված աշխատակիցների մի մասի հետ միասին: